«Որևէ փոփոխություն չկա: Վիճակը կայուն ծանր է: Բժիշկներն էլ ասում են, որ պետք է սպասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանի պայթյունից տուժած որդու, եղբորորդու և գազալցակայանի աշխատակցի վիճակին:
Առայժմ բավարար բուժում է իրականացվում, եթե կարիք լինի, անպայման երկրից դուրս կտանեն տուժածներին: Հակոբ Հակոբյանը չի ցանկացել խոսել պատահարի մասին: «Դեպք է, եղել է: Թե ովքեր են մեղավոր, հիմա դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը տուժածների վիճակով զբաղվելն է»,- ասել է նա: Դիտարկմանը, թե ԱԻՆ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը հայտարարել էր, որ գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել և 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով, Հակոբյանը զայրացած պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Նախարարը շատ լավ կաներ, որ առաջինը հարցներ, թե ոնց են հիվանդները: Դա ավելի խելացի քայլ կլիներ, քան թե այդպիսի բաներ գլխից դուրս տար»: Հակոբյանն ասաց, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա: Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողեք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար»,- իր խոսքը եզրափակեց Հակոբյանը: